Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Որդան կարմիր երկիրի երկունքը․ դար XX (էսսե)

Որդան կարմիր երկիրի երկունքը․ դար XX (էսսե)
22.10.2023 | 21:43

ՆԱԽԵՐԳ
Հայոց կերպարվեստում վաղնջական ժամանակներից ի վեր պատկերագրվել են բյուր կղզիներ, որտեղ բնաշխարհից Որդան կարմիր ծաղկափոշի հավաքելով իրենց մանրանկարչական ընտրանին էին երկնում սքանչագործ ծաղկող գրիչները, խաչքարեր էին կերտում ճարտարապետ քարագործները և յուրաքանչյուր կղզում այգաբացից մինչև արևմուտ ոսկեխունկ լույս էր ճառագայթում տաճարների գմբեթներից։

Կանթեղ տաճարները գրիչների և քարագործների, անշուշտ նաև տաճարակերտ ճարտարապետների հավատո հանգանակն էին։ Եվ, ինչ խոսք, օրհներգված էր Որդան կարմիր երկրի երկունքը։
Ի վեր վաղնջական ժամանակներից և անկախ այն բանից, աշխարհներում հայկական խաղաղ կեցության երանավետ օրե՞րն էին թե՞ սահմանախախտ ելուզակների բորենագլուխ նախրաոհմակի թուջե սմբակների տակ դաբաղվում էր հողը․․․ արարչական շնորհը չէր լքում երկիրը։ Չէր լքում և անկարող էր դույզն ինչ նահանջել, չէ որ Որդան կարմիր երկրի Այրուձին մեր ազգային և պատական ինքնության անկյունաքարերն էր

հղկում-տեղադրում և ազգային ու պետական որմերն էր զարդաքանդակում:
Որդան կարմիր այս երկրում օրհնված է ամենայն արաչականը։ Բնական էր, որ երկրի զինավառ այրուձին մեր իքնության խաչն էր կրում և սուրն էր պատյանից հանում։ Անկեղծ լինենք և հաստատենք, որ այո՛, սույն Այրուձին երբեմն հատում էր երկրի սահմանները և հայկական արիա-քրիստոնեական կերպարվեստի վառ դրոշմահետքերն էր թողնում հեռուներում, հյուսիսում և հարավում, նաև արևելքում և արևմուտքում։ Եվ այս պահին խիստ պատմական հարկ է նշել՝ զինավառ այրուձին արշավում էր անվարան, և նրա գալարափողը արծաթ էր ձուլածո և թմբուկը նրա պրկված էր մագաղաթով։
Նրանք փող էին փչում և թմբուկ զարկում։

ԾԱՌԸ ԵՎ ՊՏՈՒՂԸ
«ՀԱՅՖԻԼՄԸ» Խորհրդային Հայաստանի ազգային և պետական քաղաքակրթության միջնաբերդերից էր։ Նաև այստեղ էին մոխիրներից հառնող Նաիրի Երկրի գեղարվեստական շաղախը հունցում մականը ձեռքին նշանավոր կինոճարտարագետ Համո Բեկնազարյանը և նրա աշղեկ և շինարար զինընկերները։
Սարգիս Սաֆարյանը Հայաստանում բեմադրիչ-նկարիչ էր, ի մասնավորի նշանավոր «Պեպո» ֆիլմի նկարիչն էր նա և մի քանի ուրույն կինոնախագծերի հեղինակը։ Այլ կերպ ասած՝ դալար և պտղալից մի ծառ էր նա։ ՈՒ ծառը չհապաղեց, նվիրական պտուղ տվեց։
Նրա ընտանիքում լույս աշխարհ եկած Սուրենին նախախնամությունը մատնանշել էր ճանապարհը՝ դեպի կերպարվեստ, ուրիշ ոչինչ։ Իր տարիքի տիրույթում Սուրենը անսովոր լրջախոհ էր։ Նա ընտրեց կերպարվեստը, չտրվելով կինոաշխարհի պերճաշուք գայթակղությանը։
Անկասկած այս ամենում իր ծանրակշիռ խոսքը ասաց ԵՐԿՆԱՎՈՐԸ։

Եվ նա քայլեց դեպի երկրի ընտրյալ կրթօջախ, նշանավոր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան։

1942-ին գերազանցությամբ ավարտելով ուսումնարանը զինվորագրվեց հայրենիքին, կամավոր մարտիկի կարգավիճակով, Կովկասից հասնելով Պրահա։ Կամավոր էր նա զինվորի կարգավիճակում և կամավոր եղավ արգասաբեր իր կյանքում, անկողմնակալ կապերով մերձեցնելով կերպարվեստի որքան վեհասքանչ, նույնքան էլ բարդ աշխարհի Բանին ու Գործին։
Ֆաշիզիմի դեմ պայքարող սովետական բանակի տարբեր ռազմաճակատներում մարտնչում էին երիտասարդ Հմայակ Բդեյանը, Սուրեն Ազիզյանը, Մկրտիչ Սեդրակյանը, Լևոն Կոջոյանը, Աշոտ Գասպարյանը, Արտաշես Աբրահամյանը, Արմեն Աթայանը, Միքայել Առաքելյանը, Սուրեն Սաֆարյանը և այլք։
Նախախնամությունը, անկասկած վերցրել էր նրանց իր ծիածանագույն ամպհովանու տակ։ Զի կերպարվեստի ասպետները դեռ բազում անելիքներ ունեին

Խորհրդա-հայկական գալիքում։ Հետպատերազմյան Հայաստանում մշակույթն ու գիտությունը, արվեստն ու կերպարվեստը հայկական քաղաքակրթության հրե միջուկն էին, իսկ նրա մշակները հեծյալ ասպետներ։ Սակայն այստեղ չվարանենք և մոտենանք բուն ասելիքին, ժամանակն է։

Նա ուսումը շարունակեց Երևանի գեղարվեստի ինստիտուտում։ Դասախոսական վերին ատյանում դասական վարպետներն էին, Մարտիրոս Սարյան և Արա Սարգսյան, Սուրեն Ստեփանյան և Բաբկեն Քոլոզյան, Ռուբեն Պարսամյան և Խաչատուր Եսայան, Արա Բեքարյան և Մանուկ Հովսեփյան, նաև Մհեր Աբեղյան, Շանթ Հերթեցյան, Վահրամ Խաչիկյան․․․ Իսկ ուսանողական կոհորտայում հասունանում էր խոստումնալից և կենսախինդ գալիքը։

Սուրենը, մարտադաշտում գտնվող այլ նկարիչների նման ժամանակ էր գտնում ինչ-որ բաներ ուրվագծելու։ Դրանք անհետացան ահեղ պատերազմի թուհուբոհում, սակայն Մեծ հայրենականի թեման անմոռաց էր, որը ի հայտ եկավ հատկապես «Հայրենի մեղեդիներ» կտավում։ Զինվորական հյուղակում հայ մարտիկները ունկդրում-վայելում են ասես հայրենի երկրից հառնող հոգեշահ երաժշտությունը, բոլորված զինվորավարի ասկետական սեղանի շուրջ, վրձնված 1956-ին, զորացրվելուց տասը տարի անց։ ՈՒնկնդիրները կարոտի գրկում են, իսկ ժպիտը, որը հաղթանակով տուն դառնալու խորհրդի վկայությունն է, ծաղկել է թառ նվագող զինվորի դեմքին։ Ըստ իս, ամենուր և ցանկացած հանգամանքում լավատես Սուրենը այս կտավում նույնանում է թառահարի հետ։

«ԿԼԱՍ ՍՈՒՐԻԿ»-Ի ԴԱՍԱԿԱՆ «ԻՆՔՆԱՆԿԱՐԸ»
«Կլաս Սուրիկ» այս տիտղոսը նրան ուսանողական տարիններին շնորհեցին ընկերները։ Հավանաբար գնահատվել էր նրա պրոֆեսիաոնալիզմը, գուցե նաև երիտասարդ նկարչի վարվելակերպը և կեցվածքը, որոնք հին ազնվականության դրոշմն էին կրում, և ոչ այնքան սովորական անվանակնքման համար հիմք դարձան, գուցե․․․ Սակայն սա էական չէ։ Չէ՞ որ 1947-ին կերտված նրա «Ինքնանկարը» գեղանկարչական վարպետության անթաքույց հայտ է։
Առհասարակ դասականության կաղապարումներից դուրս ազատ և անկաշկանդ գործելու, նորարարական մտահաղացումներ ի կյանք կոչելու բնատուր ձիրքը նրա ուղեկիցը եղան հետագա կյանքում։

Բանաստեղծական ռեալիզմի աշխարհներում նրա մասին սակավ է գրվել։ Զարմանալի՞ է սա:

Բնա՛վ:

Չէ՞ որ ժողովրդական իմաստնությունը քարագրել է վաղուց` «Շատ աշխատողին շալե շապիկ»։
Այնուամենայնիվ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ նկարչի Արմեն և Դավիթ շնորհալի որդիների ջանքերով, կրտսեր Սուրեն Սաֆարյանի (Սուրեն Սաֆար) մակետավորմամբ, և Կարեն Միքայելյանի առաջաբանով լույս ընծայվեց
«Սուրեն Սաֆարյան. 2010» պատկերագիրքը։

Արվեստաբան և հրապարակագիր Կարեն Միքայելյանը փայլուն է կերպարակերտել Սուրեն Սաֆարյանին։ Եվ ահա ես սիրով հրավիրում եմ ընթերցողներիս շրջագայել արվեստագետի աշխարհներում՝ արվեստաբանի ուղեկցությամբ։
«Նկարիչ» կտավի վրա աշխատում էր երկար, բազմաթիվ նախապատրաստական ճեպանկարներ և էսքիզներ անում, երբեմն էլ արդեն ավարտված գործի վրայով անցնելով ՝ հիմնովին փոխում այն, բայց միշտ էլ վերջնական տարբերակը կատարում արագ մի շնչով։ Արդյունքում ծնվում էին ոչ թե հասարակ սյուժետային գործեր, որոնց այդ ժամանակ վերագրում էին սոցիալիստական ռեալիզմ, այլ ընդհանուր հոսքից խիստ տարբերվող ինքնատիպ ստեղծագործություններ։ 1976 թվականի հոկտեմբերյան հեղափոխության (ինչպես այսօր են բնորոշում ՝ հոկտեմբերյան հեղաշրջման) 50-ամյակին, նա ստեղծեց իր հայտնի «Տաթևի ողբերգությունը»։

Խաչված մարդիկ, պայմանական լեռնային բնապատկերներ և մի ողբերգական էջ քաղաքացիական կարճատև պատերազմում երկու հակամարտ կողմերի շահերի բախում։ Եվ դարձյալ Սաֆարյանի դիրքորոշումը չի համընկնում ընդունված, պաշտոնական պատմագրական ավանդույթի հետ։

Նրան, ով հաշվեհարդար է տեսել մարդկանց հետ, նկարիչը թողել է «կադրից դուրս» իմաստուն կերպով համարելով, որ շեշտադրումերը փոխվել են, ինչը և տեղի ունեցավ , բայց ողբերգության մասին նա թույլ չի տալիս մոռանալ։ Սաֆարյանը կարևորություն է տալիս կոտրված հայ մարդու կյանքին, հայ մոր վշտին։ Բոլոր մայրերի վշտին։
«Նկարիչը չէր սիրում և խուսափում էր արտաքին էֆեկտներից։ Պատկերները բազմաբառ չեն, ծայրահեղ զուսպ լինելով հանդերձ հոգեբանորեն համոզիչ են։ Սաֆարյանի ստեղծագործություններում մարդիկ հաճախ մտախոհ են, խորասուզված իրենց ներաշխարհի մեջ։ Այդպիսին է նաև նրա Եղիշե Չարենցը՝ իր մոտալուտ ողբերգական վախճանի կանխազգացումով»։
«Բնանկարը նրա թեմատիկ կտավների անբաժան մասն է՝ լի հոգեկան խմբավորմամբ»։
«Նկարչի յուրահատուկ վերաբերմունքը, մարդկային ձեռակերտ ստեղծագործության հանդեպ ի հայտ է գալիս նաև արտասահմանյան ուղևորությունների ժամանակ։ Այդ ընթացքում նա նախանձելի թեթևությամբ նկարում էր փողոցներ և տներ, կամուրջներ ու եկեղեցիներ, շատրվաններ և հրապարակներ։ Նկարում էր նաև հանրային տեսարաններ, յուղաներկով արագ դիմանկարներ էր անում միայն մեկ սեանսի համար։ Անհոգ թվացող ճանապարհորդությունը վեր էր ածվում ամենօրյա ստեղծագործական տքնանքին։ Տուն էր վերադառնում բազմաթիվ նկարներով ու էտյուդներով,

ճեպանկար-մտահաղացումներով, որոնք արվեստանոցում դառնում էին կտավներ։ Այսպես, Իսպանիա ճանփորդելուց հետո ստեղծվեց նրա «Դոն Կիխոտը» տխուր պատկերի ասպետը և նրա հավատարիմ զինակիցը, որ թափառում է Հայաստանը հիշեցնող քարքարոտ վայրում։ Արդյո՞ք սա իսպանական և հայկական բնապատկերների պարզ նմանություն է, թե՞ հղում այն մասին, որ մեր կողմերում էլ, մեր հողի վրա էլ քայլում են Դոն Կիխոտն ու Սանչո Պանսան»։
«Առօրյա կյանքում, Սաֆարյանին բնորոշ բնավորության գիծը գործընկերներին հասկանալու և արվեստում պաշտոնապես ընդունված ուղուց տարբեր, ազատ ստեղծագործելու նրանց իրավունքը ճանաչելու ունակությունն էր, թե՛ որպես նկարիչ, թե՛ որպես ստեղծագործական միության ղեկավար Սաֆարյանն անսահման հանդուրժող էր։ Դրա վառ ապացույցը դարձավ «Մի գործի ցուցահանդեսը», որը նա հղացավ և հետո դժվարությամբ առաջ մղեց Մոսկվայում։ Առանց հանձնաժողովի, Հայաստանի նկարիչների միության բոլոր անդամներին, նաև ոչ անդամներին ընդգրկող ցուցահանդես նման բանի մասին խորհրդային երկրում երազելն անգամ անհնար էր։ Դա մեծ խիզախություն էր պահանջում, չէ՞ որ ամեն ինչ կարող էր պատահել․․․ կամ ոչինչ էլ չէր կայանալու, բայց Սաֆարյանը խիզախեց։ Եվ շահեց։ «Մի գործի ցուցահանդեսը» դարձավ մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը։ Սաֆարյանը գիտեր հարգանքով վերաբերվել ուրիշի մտահաղացմանը՝ գնահատելով մարդու նվիրվածությունը իր գործին, առավել ևս առարկայորեն աջակցել նրան։ Նա ամուր էր իր դիրքորոշման մեջ՝ նկարիչների միությանը հատկացված հավելյալ ցուցասրահները տրամադրել Երևանում ժամանակակից արվեստի թանգարան բացելու համար։
Այդ մասին այսօր քչերը գիտեն»։

ՌԵՔՎԻԵՄ․․․ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ
Նրան վստահում էին անվերապահ և ամենուր։
Հայաստանի նկարիչների միության քարտուղարի պատասխանատու ծառայությունը (բնավ ոչ պաշտոնը կամ իշխանությունը), նա կրեց 1959-1968 թվականներին։ Կրեց պատվով, աշխատելով նշանավոր դեմքերի հետ։ Ռուբեն Պարսամյանի և Մհեր Աբեղյանի նախագահությամբ, Գրիգոր Աղասյանի, Վարդգես Ստեփանյանի, Ղուկաս Չուբարյանի, Գրիգոր Խանջյանի գործընկերությամբ։

Սուրեն Սաֆարյանը Միության նախագահն էր 1969-1982-ին․․․ լավագույն նախագահը, ինչը փաստվել և դեռ փաստվելու է բազմաթիվ գործերով, դեպքերով և իրադարձություններով։
1988 թվականին երկրում զարթոնք էր։ Հայությունն իր պատմության հերթական շրջափուլում վերականգնում էր անկախ պատմությունը։ Իսկ նա եռանդուն աշխատում էր «Արարատից այն կողմ» կտավի վրա, ի նվիրում Մեծ Եղեռնի բյուր նահատակների հիշատակին։ Այս նկարի գաղափարական ու գեղարվեստական ալիքվող եղերերգը գերարդիական է երկրի կյանքում նաև այսօր։ Եվ վաղեմի սովորությանը ի տուրք, նկարիչը վերջինին վրձնահարվածներով շտկում էր կտավը «Պատմություան արահետներով» խորաթափանց խորագիրը կրող ցուցահանդեսին ի ցուցադրում նկարը հանձնվեց բացման նախորդ օրը։
Ապրիլի 22-ի անսովոր նկարահանդեսի հանդիսավոր բացումն էր։ Հայոց պատմության դաժանագույն արահետներից բացակայում էր Լյառն Արարատի թիկունքը կացնող, և ամենայն հավանականությամբ նշյալ ցուցադրության մեխը կազմող կտավը։ Ե՞վ․․․


Հարվածն անողոք էր։ Նա վարադարձավ արվեստանոց և կտավին հանձնեց ողբերգական հնչողությամբ, տագնապով և մի մեծ հարցականով լի «Վերջին ինքնանկար»
Գլուխգործոց-դիմանկարը։ Եվ կնքեց մահկանացուն․․․

Կարեն Միքայելյանի կերպարակերտումը ավարտվում է այս տողերով․ «դժվար է գերագնահատել Հայաստանի ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի դերը ժամանակակից կերպարվեստի պատմության մեջ, թե՛ որպես նկարիչ, և թե՛ որպես մշակույթի ականավոր գործիչ»


Հայոց կերպարվեստի զինավառ այրուձին հավերժորեն մեր ազգային և պետական ինքնության առաջնադիրքում է։
Այրուձին արշավում է Լեռնաշխարհով մեկ, երբեմն էլ հատում է երկրի սահմաները և ազգային կերպարվեստի բեղմնալից հունդեր էր ցանում հեռուներում։ ՈՒ նշյալ հունդերից ծնվում, հասակ էին առնում Սալթանովը Բոգդան, Այվազովսկին Հովհաննես-Իվան, նաև Գորկին Արշիլ և բազում այլք, հողագնդի չորս ծագերում։
Վերհիշեցինք, որ մշտապես ձուլածո արծաթ են նրանց գալարափողերը և թմբուկները նրանց պրկված են զարդանախշ մագաղաթով։ Եվ սույն զինավառ այրուձին, ի թիվս այլ երևելիների, իր շարքերում ընդգրկել է Սարգսի որդի Սուրենին:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 30970

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ